28 տարի առաջ հենց այս օրը մարտի դաշտում ընկավ Մովսես Գորգիսյանը

28 տարի առաջ հենց այս օրը մարտի դաշտում ընկավ Մովսես Գորգիսյանը

28 տարի առաջ հունվարի 19-ին մարտի դաշտում ընկավ Մովսես Գորգիսյանը

1990 թվականի հենց այս օրը մարտի դաշտում ընկավ 3-րդ հանրապետության ամենավառ անհատականություններից մեկը: Մովսես Գորգիսյանի դերն անուրանալի է 80-ականների վերջին սկսած ազգային զարթոնքի վերածննդի եւ անկախության կերտման գործում:

Մովսեսի համար անկախությունը միայն երազանք չէր, նա գիտեր, որ վաղվա գալիք Հայաստանը կարոտ է իր հերոսների սխրանքին:

1988 թվականի մայիսի 28-ին նա էր, որ Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրեց հայոց եռագույնը, հետո արդեն դարձավ «Անկախության բանակի» հիմնադիրներից մեկը:

1990-ի հունվարի 18-ին Նախիջեւանի սահմանամերձ գոտում իրադրությունը լարված էր՝ ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը: Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը եւ մեծ քանակությամբ զինամթերք առգրավեցին: Մարտերում ընկավ նաեւ Մովսեսը:

1996 թվականին նա հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչմանը եւ պարգեւատրվեց Հայաստանի բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշանով:

«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն՝ որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»:

Այսպիսի գաղափարախոսությամբ էր օժտված 90-ականների հերոսներից Մովսես Գորգիսյանը: Պատահական չէր, որ նման ոգով օժտված 28-ամյա երիտասարդը, որն ավարտել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, ստեղծեց «Անկախության բանակ» ջոկատը, զինվորի համազգեստ հագավ, զենք վերցրեց եւ մեկնեց ռազմաճակատ: Իր ջոկատով նա ընդամենը մեկ օր մարտնչեց թշնամու դեմ` զոհվեց հունվարի 19-ին՝ Երասխի պաշտպանության ժամանակ։

«Հայն իր ազգությունն է ուզում պահպանել, իր տեսակը, իր դիմագիծը: Այդ կեցվածքը ազգի գոյության ու գենի պահպանման հավերժացումն է:

Գոյության միակ երաշխիքը ազատությունն է», այս կամ մի շարք այլ գաղափարական մտքեր` «Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը», այսօր էլ դարձել են շատ հայ երիտասարդներին ոգեւորող մտքեր: Եվ այն, որ նա տարիներ առաջ մտածել եւ արտահայտել է՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», եկել եւ իր նոր հերոսներն է դասում մինչ այսօր ունեցած հերոսների շարքը եւ ցույց տալիս հայի անկոտրում խոսքն ու գործը:

Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաեւ սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, եւ այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում եւ իրագործում է հայոց բանակի զինվորը:

Հավերժ Փառք՝ Հերոս

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐԸ

Комментарий
поделится в
error: Content is protected !!