Փաշինյանին պետք է լավ թիմ եւ ուժեղ ընդդիմություն. Ստյոպա Սաֆարյան | Инфо Портал

Փաշինյանին պետք է լավ թիմ եւ ուժեղ ընդդիմություն. Ստյոպա Սաֆարյան

Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները 62 կողմ, 39 դեմ ձայներով հավանության արժանացրին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Ծրագրի ամենակարեւոր կետն այն էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչին ՀՀԿ-ն փաստացի համաձայնվեց: Այս պահին խորհրդարանի արձակման միայն մեկ տարբերակ կա՝ վարչապետի եւ կառավարության հրաժարական:

Ներկա ներքաղաքական իրավիճակի, կառավարության ծրագրի ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին զրուցեցինք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

— Պարոն Սաֆարյան, ՀՀԿ խմբակցության պատգամավորները քննադատություններով հանդես եկան վարչապետի առաջարկած ծրագրի վերաբերյալ, սակայն ծրագիրն այնուամենայնիվ, հավանության արժանացավ՝ պատուհան բացելով դեպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կարո՞ղ ենք ասել, որ Հանրապետական խմբակցությունը գնում է պարտության ճանապարհով:

— Խաղը շատ նուրբ է եւ այնպիսին, որ առայժմ բոլորը կարող են բավարարել իրենց շահերը եւ ոչ թե հաղթանակ-պարտություն լինի, այլ հաղթանակ-հաղթանակ: Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը օրինականություն հաստատելը, կոռուպցիայի դեմ պայքարելը, հարկերը բյուջե ուղղորդելը եւ այլ գործընթացներ լրիվ օգտագործեց հանուն արդարության՝ որպես քաղաքական տեխնոլոգիա: Օրինակ, Մասիսի քաղաքապետի հետ կապված պատմությամբ, սուպերմարկետների եւ խոշոր գործարարների դեմ ուղղված իր քայլերով Փաշինյանը հասկացրեց, որ եթե չհաստատեն կառավարության ծրագիրը, ապա նրանք հաստատապես կկորցնեն: Այստեղ կար մեկ այլ խնդիր. ծրագրի եւ՛ հաստատման, եւ՛ չհաստատման դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր անցկացնել արտահերթ ընտրություն: Բայց Փաշինյանը առաջարկում էր՝ տղե՛րք, ընտրություններ անցկացնելու ենք թե՛ ձեզ հետ համաձայնեցված, թե՛ առանց ձեր համաձայնության: Բայց ՀՀԿ-ին ձեռնտու չէր, որ կառավարությունը չկարողանար անցկացնել ծրագիրը, որովհետեւ այդ դեպքում արտահերթ ընտրությունները ավելի վաղ են վրա հասնում, հետեւաբար ստիպված եղավ մանեւրել: Սակայն ՀՀԿ-ն էլ խելոք քայլ արեց. այն գործարարները, որոնք իր վրա ճնշում գործադրելու խողովակ էին բացում, նրանց հանեց խմբակցությունից: Փաշինյանին հասկացրեց՝ եթե դու շարունակես ճնշել, չես ճնշելու հանրապետականին, ճնշելու ես անկախ պատգամավոր-գործարարներին: Եվ ստացվեց հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը կես քայլ արեց դեպի ընտրություններ: Որովհետեւ եթե ՀՀԿ-ն չհամաձայներ, այդ անցումն այնքան էլ սահուն չէր լինի: Հիմա ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ թե Փաշինյանի կամ ՔՊ-ի նպատակն են, այլ պետության՝ անկախ ամեն ինչից: Վերջապես, խաղի նրբագեղությունը այստեղ է. ֆորմալ մակարդակով ՀՀԿ-ն դեմ է քվեարկել արտահերթ ընտրությունների գաղափարին, ինչը իրեն հնարավորություն է տալիս շարժվել, պետք լինի՝ Փաշինյանին ասել՝ տեսար, մենք օգնեցինք ծրագիրը հաստատել, եւ այնուամենայնիվ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ հակառակը՝ եթե իր դիրքերը ուժեղանան, իրենք պնդեն, որ դա եղել է խորհրդարանական այլ ուժերի միջոցով, եւ իրենք այսպես թե այնպես չեն համաձայնել ընտրություններին: Հիմա ասել, թե Փաշինյանն ամբողջությամբ լուծել է խորհրդարանական ընտրությունների խնդիրը, այդպես չէ: Առայժմ բոլոր կողմերը կարողանում են առաջ շարժվել:

— Մինչեւ արտահերթ ընտրությունների գնալը, ինչպես Փաշինյանն է բազմիցս հայտարարել, նախ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Ի՞նչ եք կարծում, այս փոփոխությունը կտանի՞ արդար ընտրությունների՝ ելնելով այն հանգամանքից, որ հանրապետականին մեծ հաշվով շատ է օգնել հենց ռեյտինգային ընտրակարգը:

— Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ բարդ խնդիրների առաջ է կանգնել, որոնցից մեկը քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիան է: Փաշինյանը հենց այս պահից պիտի մտածի այնպիսի քաղաքական դաշտ ստեղծել, որտեղ իր ընդդիմությունն էլ տեղ ունենա, եւ այդ ընդդիմությունը լինի քաղաքական ընդդիմություն, ոչ թե ռեւանշիստական ու օլիգարխիկ: Պետք չէ թույլ տալ Սերժ Սարգսյանի սխալը: Նա իր համար վերացրել էր քաղաքական ընդդիմախոսին, բայց տեղ էր թողել ոչ քաղաքական հակառակորդների համար, որոնց պատճառով ներիշխանական խմորումներ եղան, որոնք էլ բավականին օգնեցին հենց Փաշինյանին: Այս կտրվածքով՝ Փաշինյանն իսկապես պիտի բացառի այն մոդելը, որը գործում էր նախկինում՝ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նա չպիտի գնա բացարձակ իշխանություն ունենալու եւ բոլորին պարտված թողնելու ճանապարհով՝ հատկապես քաղաքական դերակատարների մասով: Քաղաքական այդ պայմանների ստեղծման մեջ անշուշտ մտնում է ռեյտինգային ընտրակարգի վերացումը, որը լավագույն խողովակն էր ոչ քաղաքական դաշնակիցների եւ կրիմինալ հակառակորդների ձեւավորման, ովքեր ունեին թաղային ռեյտինգներ եւ լծակներ: Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելը պարտադիր է ոչ միայն մաքուր քաղաքական դաշտ ունենալու, այլ նաեւ իր ընդդիմախոսներին բարձր քաղաքական նշաձողերի մեջ դնելու համար: Պետք է նաեւ ԿԸՀ կազմում փոփոխություններ արվեն: Չեմ ասի՝ այդ մարդիկ դատվեն նախկինում կատարած կեղծիքների համար, այլ ուղղակի գոնե լքեն այդ կառույցը: Այսպիսի բարձր նշաձողով ընտրությունների դեպքում, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը բավականին լավ թիմ կհավաքի եւ կունենա նաեւ շատ ուժեղ ընդդիմություն, որն իրեն էլ կուժեղացնի: Ուզում եմ հավատալ, որ ինքը կշարժվի այս ուղղությամբ:

— Պարոն Սաֆարյան, ինչպես նշված է կառավարության ծրագրում՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Ե՞րբ կարող ենք սպասել վարչապետի ու կառավարության հրաժարականին, քանի որ միայն այդ տարբերակով կարող է արձակվել Ազգային ժողովը:

— Փաշինյանն, ըստ էության, խնդիրը շատ հետաքրքիր է դրել: Նա բացառել է ԱԺ-ի կողմից Կառավարությանը մեկ տարի հետո անվստահություն հայտնելու տարբերակը: Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում է՝ ընտրությունները կլինեն մեկ տարի հետո, այլ ասում է՝ մինչեւ մեկ տարի: Տեղ չի թողնում, որ այլ մեխանիզմ գործի, որ, այսպես ասենք, որոշակիորեն կայունացած խորհրդարանական մեծամասնությունը կարողանա ռեւանշի գնալ եւ անվստահություն հայտնել: Այնուամենայնիվ, խնդիր կա, որը կառավարության ծրագրի «թույլ» լինելն է: Կառավարության ներկա ծրագիրը գրված չէ այնպես, որ ապահովի մի վիճակ, որ մարդիկ իսկապես փոփոխություն զգան իրենց կաշվի վրա: Որովհետեւ մեկ տարվա ընթացքում իրենք չեն կարողանա մաքրել այդ ավգյան ախոռները: Լավագույն դեպքում փոփոխությունը կարող է լինել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, օրինականություն հաստատելու ուղղությամբ, բայց ասենք աշխատավարձերի աճ չի լինի եւ այլն: Լուրջ ցուցանիշներ չենք կարող սպասել, հետեւաբար դժվար կլինի ասել՝ ընտրությունների պահը, երբ վրա կհասնի: Սա ավելի շատ կապված է լինելու ներքաղաքական զարգացումների ուղղվածությունից, քան կառավարության գրանցած արդյունքներից կամ դրանց բացակայությունից:

— Իսկ արտահերթ ընտրությունների ուշ կազմակերպելը ո՞ր քաղաքական ուժին է ձեռնտու լինելու, Փաշինյա՞նը կշահի դրանից, թե Հանրապետականը:

— Հեղափոխական այս էյֆորիան անցնելու է, եւ դրան որեւէ մեկը չի կարող դեմ գնալ: Դրա համար ՀՀԿ-ն կամ այլ մեկը եթե ցանկանա Նիկոլ Փաշինյանից վերցնել իշխանությունը, ապա կարող է խաղալ այդ ձգձգվող ժամանակի վրա: Ես կուզեի եւ խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին՝ պրոֆեսիոնալ կադրերով համալրել իր շուրջը՝ խուսափելու համար անգամ փոքրիկ սխալներից, որովհետեւ միջավայրն այնպիսին չէ, որ կարողանա շատ լուրջ բեկումներ արձանագրել: Նրան պետք են կադրեր, որոնք վերին աստիճանի արագ կկարողանան դրական արդյունքներ ապահովել՝ անկախ նրանից՝ արտահերթ ընտրություններն ինչ ժամանակում կկազմակերպվեն:

armtimes.com

Комментарий
поделится в
error: Content is protected !!