«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյան

«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Սողոմոն Թեհլերյան

Լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 97-րդ տարին:

1921 թվականի մարտի 15-ին Թեհլերյանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էլ. «Սողոմոն Թեհլերյանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի»:

Ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Շիրակի մարզի Մարալիկ համայնքում

Դատավարության ժամանակ Թեհլերյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Նրա դատավարության արդյունքներին սրտատրոփ հետևել է համաշխարհային հանրությունը։ Գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ է ճանաչել` «արդյո՞ք Թեհլերյանը մարդ է սպանել» հարցին տալով «ո’չ» պատասխանը։

Թալեաթին սպանելուց հետ Թեհլերյանը ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:

Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:

Թեհլերյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլերյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:

Թեհլերյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:

Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլերյան- Ես որևէ ծրագիր չունեի:

Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլերյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլերյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:

yerkir.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!