Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է | Инфо Портал

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը նշելով, որ Թունյանն ազատվել է եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մեր տեղեկություններով, նրա ազատումը կապված է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հետ: Այդ դեպքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կա հարուցված քրեական գործ: Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել մասնավորապես նշելով հետեւյալը. «…Առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները:

Այնուհետեւ, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թունյանն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը»:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տեղեկացանք, որ աուդիտի վարչության աշխատակիցները արդեն իսկ սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են:

armtimes.com

Комментарий
поделится в
error: Content is protected !!