«Կարծում եմ՝ բանակին օգնություն ուղարկված մեքենաները գեներալ Մանվելին տվել է Արցախի ղեկավարությունը». Վահան Բադասյան | Инфо Портал

«Կարծում եմ՝ բանակին օգնություն ուղարկված մեքենաները գեներալ Մանվելին տվել է Արցախի ղեկավարությունը». Վահան Բադասյան

Արցախյան պատերազմի դաշտային հրամանատար, ընդդիմադիր Վահան Բադասյանը համոզված է, որ ձերբակալված ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված բանակի «Վիլիս» մեքենաները, ամենագնացներն ու շտապօգնության մեքենան Գրիգորյանին տվել է Արցախի իշխանությունը, քանի որ այդ մեքենաները դրսի՝ մասնավորապես ՌԴ Սոչի քաղաքի հայրեն ուղարկել էին Արցախի բանակի համար քառօրյա պատերազմի օրերին:

«Հենց Մանվել Գրիգորյանը պետք է ասի, թե այդ ամենն իրեն ով է տվել: Կարծում եմ՝ բանակին օգնություն ուղարկված մեքենաները իրեն տվել է Արցախի ղեկավարությունը, երևի Բակո Սահակյանը: Կան ուզել է, տվել են, կամ ուղղակի վերցրել, բերել է, հետևողական չեն եղել, որ վերադարձնեն»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Բադասյանը՝ հավելելով, որ անգամ եթե հենց Բակո Սահակյանը չի տվել դրանք, ինքն է պատասխանատուն:
«Մանվելը տենց բնավորություն ունի, ինչ տեսնում, ուզում էր: Եթե տեսներ պամպերս են բաժանում, պամպերսն էլ կուզեր: Մեր համար նորություն չէր, այն ինչ հայտնաբերվեց»,-նշեց նախկին հրամանատարը: Ըստ Բադասյանի՝ ամառանոցում հայտնաբերված հսկայական զենքը գեներալը ինքն է վերցրել էստեղից-էնտեղից: «Մի մասն էլ երևի նվիրել են, բայց դա էլ է ապօրինի, որովհետև օրենքով մի մարդուն չեն կարող 100 ատրճանակ նվիրել»,-նկատեց նախկին հրամանատարը՝ շարունակելով.
«Դարձել էր անօրեն զինված, ժողովուրդը գիտեր, որ գեներալը զինված է: Վախի մթնոլորտ ստեղծելու համար էր դա արել նախորդ իշխանությունը: Իրականում դա սպառնալիք էր ժողովրդի համար»:
Ուստի, ըստ Վահան Բադասյանի՝ բոլորը, ովքեր որ ներգրավված են եղել, պետք է պատասխան տան: Բադասյանի խոսքով՝ անկախ հետագա քննությունից, Գրիգորյանն արդեն ժողովրդի կողմից դատվեց:
Իսկ ի՞նչ պետք է լինի ԵԿՄ-ի հետ հարցին ի պատասխան Բադասյանը նշեց, որ չի կարող ասել՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, թե ոչ, բայց խնդիրը կարգավորման կարիք ունի: Նաև հավելեց, որ Արցախում ևս կա նման կառույց՝ «Ազատամարտի միությունը»:
«Ղեկավարը նմանատիպ հանցագործ է՝ Սամվել Կարապետյանը՝ հայտնի Օգանովսկին: Պատահականություն չի, որ նրան այնտեղ են կարգել պատերազմի վետերանների վրա որպես շեֆ, Մանվել Գրիգորյանին այստեղ են կարգել: Փաստորեն այդ միություններն օգտագործել են նաև քաղաքական նպատակներով՝ ժողովրդրին ահաբեկելու, սպառնալու ու թալանելու համար»: Ուստի՝ լուծում պետք է տրվի այդ հարցին, որ նման երևույթներ չկրկնվեն: Արցախում էլ, ըստ արցախցի հրամանատարի, «Ազատամարտի միությունը» կարգավորման կարիք ունի:
«Օրինակ, Բերձորի դեպքերի ժամանակ հավաքել են այդ միության անդամներին, կանգնեցրել, մի քանի հարյուրն էլ սկսել են ծեծել: Հիմա դուրս է գալիս, որ Բերձորի ծեծն իրականացրել են այդ վետերանների միջոցով: Նույնը Հայաստանում, ընտրությունից-ընտրություն իշխանությունները ԵԿՄ-ն միշտ օգտագործում են իրենց շահերի համար: Բավական է, չի կարելի, հայրենիքի պաշտպանի կերպարը ոչնչանում է արդեն: Այդ վետերանները մեր մոբիլ ռեսուրսն են, նրանց չի կարելի կեղտոտել քաղաքական գործընթացներով»,-ընդգծեց Բադասյանը:
Այսօր արդեն օրակարգում է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու հարցը: Ըստ Բադասյանի՝ դա դատարանի լուծելու խնդիր է. «Իմ համար կոնկրետ ինքը հերոս չի եղել, այդ կոչում իրեն Բակո Սահակյանն է տվել պատերազմից 15 տարի հետո»:
«Եթե Բաքվից եք զանգում, ասեք». Արցախի նախագահի խոսնակի հերքումը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նեղսրտեց, երբ իրեն հարցրինք, թե հնարավո՞ր է, որ բանակին օգնություն ուղարկված մեքենաները Արցախի ղեկավարությունն է տվել Մանվել Գրիգորյանին: «Էդպիսի բան գոյություն չունի, ես հերքում եմ նման տեղեկությունները, այդ մեքենաները որևէ կապ չունեն: Որևէ նման նվեր չի արվել Արցախի իշխանությունների կողմից»,-հայտարարեց Բաբայանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է որոշվի արդար դատարանում, որից հետո իրենք իրենց գնահատականը կտան:
«Ցնցվել է նաև Արցախը՝ տեսնելով այդ նյութերը: Այն, ինչ տեսել ենք, իրոք անբացատրելի է, բայց իրավական երկրի հիմքը ժողովրդավարական արհեստավարժ համակարգն է: Որպեսզի վերջնական գնահատական տրվի, պետք է սպասենք՝ երբ կլինի դատը, միայն դրանից հետո կարող ենք տալ գնահատականներ»,-պնդեց Բաբայանը:
Մեր հստակեցմանը, թե այդ դեպքում ի՞նչպես են Արցախի բանակին նվիրած մեքենաները հայտնվել գեներալի ամառանոցում, Բաբայանը հակադարձեց.
«Բաքվի՞ց եք զանգում: Ասացի՝ պետք է դատարանը որոշի: Ցանկացած պաշտոնյա, ով հափշտակում է, պետք է պատասխանատվություն կրի»: Հարցը, թե. Այնուամենայնիվ, ծառայողական քննություն չպե՞տք է լինի Արցախի բանակում այդ առթիվ, ավելի բարկացրեց Բաբայանին.
«Եթե Բաքվից եք զանգում, ասեք: Դատարանում պետք է ապացուցվի, կամ չապացուցվի, սա է հիմքը: Բայց դատարանը դիմե՞լ է Արցախի բանակին, որ տա ապացույց»: Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեր հարցին ի պատասխան, նշեց.
«Ինչպես 2016թ. ապրիլյան 4-օրյա առճակատման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ժամանակահատվածում ՊԲ-ին հասցեագրված և նրա հաշվեկշռում նստած բոլոր նյութատեխնիկական օժանդակությունները, այդ թվում Ձեր կողմից նշված տեխնիկական միջոցները, բացառապես օգտագործվել և օգտագործվում են ըստ նպատակի: Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների կողմից նշված միջոցները Մ. Գրիգորյանին տրամադրելու մասին Ձեր կողմից բերված «փաստին», ապա նման տեղեկություն ես չունեմ»:
Հայաստանի ՊՆ՞-ից են ստացել գեներալ Մանվելի ամառանոցում հայտնաբերված «Զինվորի բաժին»-ը
Կառավարության այսօրվա նիստից հետո պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն եւ ներքնազգեստը օրինական կերպով է տրվել ԵԿՄ-ին:
«Ավելի քան 20 տարի է «Երկրապահ» միությունը բանակի համար հավաքումներ է իրականացնում: Այդ նպատակով միությունը դիմում է ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ հագուստ ու սնունդ է ստանում: Երկրորդ ճանապարհը. ապրիլյան պատերազմի ընթացքում եւ մի քանի ամիս անց կամավորները գնում էին ճակատային գիծ եւ գտնվում էին Պաշտպանության բանակից սնունդ եւ իրեր էին ստանում: Թե որ ճանապարհով են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ, չեմ կարող ասել, կպարզի հետաքննությունը»:
Պատասխանելով հայտնաբերված զենքի մասին ՊՆ խոսնակն ասաց, որ դրանց մի մասը չէր կարող ստացված լինել օրինական ճանապարհով:
просто дикий ужас կամ ՀՀԿ-ն փորձում է խուսափել քաղաքական պատասխանատվությունից
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը չցանկացավ մեկնաբանել Մանվել Գրիգորյանի տանն ու ամառանոցում կատարված բացահայտումները: «Վիդեոն ցավալի ա շատ, просто дикий ужас»,-հայտարարեց Տեր-Թադևոսյանն ու անջատեց հեռախոսը:
ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն, որը մի քանի օր առաջ պաշտպանում էր Մանվել Գրիգորյանին, իսկ հիմա՝ դատապարտում, այդպիսով փորձ է անում խուսափել քաղաքական պատասխանատվությունից:
«Դա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում փորձում են մասնավոր դեպք դարձնել և որևէ քաղաքական պատասխանավություն չկրել դրա համար: Սպասելի էր, իհարկե, դա, և ՀՀԿ-ի հիմքերն ավելի թուլացան դրանով»,-տեսակետ հյատնեց քաղաքագետը:
Ըստ Սարգսյանի՝ այսօր նաև պետք է պարզել՝ թե Մանվել Գրիգորյանի նման գեներալներն ինչպե՞ս են հերոսի կոչում ստացել: «Ով է տվել, ինչի համար է տվել: Չեմ կարծում մյուս հերոսի կոչում ստացածները արարքները շատ են տարբերվում Մանվել Գրիգորյանի արարքից: Հերոսի կոչման տակ շատ մարդիկ շատ վատ բաներ են արել: Պետք է բացահայտվի լիովին, որ հետագայում նման բան չկրկնվի»,- ընդգծեց քաղաքագետը:

Комментарий
поделится в
error: Content is protected !!