Զենք, որը ամեն պահի կարող է կրակել Փաշինյանի և պետության ուղղությամբ | Инфо Портал

Զենք, որը ամեն պահի կարող է կրակել Փաշինյանի և պետության ուղղությամբ

Ժիրայր Սեֆիլյանի, նրա համախոհների, համախոհների ինստիտուցիոնալացված խմբի՝ «Սասնա ծռեր»-ի անդամների ազատումը Հայաստանում ստեղծել է նոր իրավիճակ, որը դեռևս կա՛մ չի գիտակցվում, կա՛մ գիտակցվելով՝ չի բարձրաձայնվում։ Ազատության մեջ են մարդիկ, գործիչներ, ովքեր ոչ միայն դեմ չեն եղել, անընդունելի չեն համարել, այլ կողմ են եղել, ընդունելի են համարել ու ընդունելի համարելով՝ կիրառել են զենքը՝ որպես քաղաքական-քաղաքացիական նպատակներին հասնելու միջոց։ Կիրառել են երկու տարի առաջ, բայց այդ կիրառումը չի սահմանափակվել միայն հուլիսյան իրադարձություններով։ Այդ կիրառումը հասարակության մեջ կոտրել է գրված ու չգրված օրենք՝ կոտրել է զինված պայքարը անընդունելի համարելու, մերժելու տաբուն։ Ու կոտրելով, հասարակության մի մասին դարձրել է զինված պայքարով հարցեր լուծելու մեթոդի կողմնակից։ Ոչ միայն ուղղակի կողմնակից, այլ հոգեխանգարմունքի, ֆանատիզմի աստիճանի երկրպագու, որի համար զենք վերցրածներն ու գունդ գրավածները, գունդ գրավածներն ու այդ ընթացքում կանխամտածված կամ ոչ՝ ոստիկաններ սպանածները հավասարվել են ազգային հերոսների։ «Սասնա ծռեր»-ը, որի հոգևոր ու քաղաքական հայրն է Ժիրայր Սեֆիլյանը, անշուշտ, պետության դեմ դուրս գալով, պետական կառույցի դեմ դուրս գալով ու պետական կառույցը պաշտպանող ոստիկաններ սպանելով, հասցրել են անդառնալի վնաս։ Բայց այդ վնասը, անդառնալիությունը, որքան էլ վատ հնչի, միայն ոստիկանների մահը չէ, ինչն անշուշտ այս պատմության ամենաողբերգական դրվագն է։ Անդառնալիությունը հասարակության մտքին ու հոգիներին հասցված վնասն է, հասարակության թեկուզ մեկ անդամի գիտակցության մեջ զինված պայքարը մերժելու արգելքի վերացումն է։

Երկու տարի առաջ «Սասնա ծռեր»-ի պայքարն այն իշխանության դեմ էր, որը նպատակներին հասնելու հարցում միջոցների մեջ խտրություն չէր դնում։ Դա էր «Սասնա ծռեր»-ի չբարձրաձայնվող արդարացումն ու հիմնավորումը, քանի որ իշխանությունը միջոցների մեջ խտրություն չի դնում, ուրեմն ընդունելի է խտրության բացառումը նաև այդ իշխանության դեմ պայքարում։ Իսկ այդ ընդունելիությունը առաձգական է ու անսահման է և իր մեջ ներառում է ընհուպ մարդկային կյանքը, որի խլումը ևս ստորադասվում է վեհ հռչակվող նպատակներին։

Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր»-ի գաղափարական մարտիկ Վարուժան Ավետիսյանը՝ բանտից հղած նամակում հայտարարել են, որ հեղափոխության հաղթանակով փակված են համարում զինված պայքարի էջը։

Բայց նրանք ոչ մի բառ չեն ասել ու որևէ հայտարարություն չեն տարածել զինված պայքարի մեթոդը, զենքը՝ նպատակներին հասնելու համար ընդունելի միջոց լինել-չլինելու, այդ մեթոդը մերժելու մասին։ Ու քանի դեռ նրանք դա չեն հայտարարել, նշանակում է ցանկացած պահի փակված էջը կարող է բացվել, ցանկացած պահի իշխանության որևէ քայլ կարող է համարվել ազգադավ, ու հայտարությամբ կամ ոչ՝ վերսկսել զինված պայքարը՝ գրավելով նորանոր գնդեր կամ այլ պետական հաստատություններ։

Լինենք անկեղծ, ինչպես անկեղծ են սեֆիլյանականները իրենց նպատակներում. սա պետության տակ դրված ռումբ է, որը կարող է պայթել ցանկացած պահի՝ առիթներ ու հիմնավորումներ միշտ կգտնվեն։ Սա ռումբ է, որը սնուցվում է հասարակության գիտակցության այն հատվածից, որում զենքը մերժելու տաբուն կոտրվել է։ Հիմա այդ գիտակցությունը ցնծության մեջ է, հերոսները հայտնվել են ազատության մեջ։ Հայտնվել են ու հայտարարել, որ մասնակցելու են արտահերթ ընտրությունների։ Բայց կրկնում ենք, չեն հայտարարել գլխավորի՝ զինված պայքարի էջը ոչ թե փակելու, այլ զինված պայքարը մերժելու մասին։ Իսկ եթե ընտրություններում չարձանագրվի՞ այն արդյունքը, որը պատկերացնում են այս խմբավորման անդամները, իսկ եթե ընտրություններում հաղթի որևէ ա՞յլ ուժ, որը կկատարի ծռությունից շեղվող գործողություններ։ Այդ դեպքում կրկին զե՞նք։

Նոր շենքերի գրավո՞ւմ։ Ու էլի զոհե՞ր։

Այս հարցերի պատասխանը պետք է տա հասարակությունը։ Այն հասարակությունը, որը մեկ ամիս առաջ սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն է իրականացրել։ Ու եթե այս հարցերի պատասխանները, Աստված մի արասցե, չլինեն ամբողջությամբ բացասական, անվերապահ բացասական ու բացարձակ բացասական, ահա այդ դեպքում ոստիկանական գնդում կրակված զենքը էլի է կրակելու։ Կրակելու է՝ անկախ նրանից՝ իշխանության կլինի հասարակության վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանը, թե նրա դեմ պայքարում հաղթած որևէ ռևանշիստ։ Կրակելու է հեղափոխության դեմ։ Կրակելու է հասարակության ուղղությամբ։ Կրակելու է պետության ու պետականության վրա։

1in.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!