14 տարի առաջ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին

14 տարի առաջ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին

Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնում է զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։

2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի 19-ի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը  կացնահարել է  քնած Մարգարյանին, հասցնելով 16 կացնի հարված դեմքին։

2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման թույլտվության։

Սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի, բնակարան է ստացել և ֆինանսապես վարձատրվել։

2013թ. մարտին Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ: Նրանք պահանջում են ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք), 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները։

Նյութի աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆ 24

Комментарий
поделится в
error: Content is protected !!